Մանկական գրակ. և հայ. ժող. բանահյուսություն · Գրականություն · Ընդհանուր · Ընթերցանություն

ՑՈՒԼԸ. Ռոլանդ Շառոյան

…Արևը մտել էր Դավոյի գլուխն ու այրում էր: Նրա համար վերջին խուրձը շատ ծանր էր: Մանգաղի կեռը դժվարությամբ դուրս քաշեց խուր-ձի միջից, թևքով սրբեց ճակատը, վերնաշապկի ճոթով չորացրեց քրտնած ափն ու զգույշ իջավ աստիճանով: Շեկոն բարձր բառաչեց: Դավոն մանգաղը գցեց գետնախնձորի թփերի մեջ ու մտավ գոմ:

«Տեսնենք` ի՞նչ ես ծնելու»:

Հավերի ջրամանը շուռ էր եկել: Ջուրը լցվել էր Շեկոյի պճեղների մեջ ու պճպճում էր: Վերցրեց ցախավելը: Գաղջ օդը հասավ թոքերին, և նա միանգամից արտաշնչեց: Շեկոն գլուխը վերուվար էր անում:

Վզի շղթան կպչում էր մսուրի վերին տախտակին ու չոր ձայն էր հանում: Ցախավելը քսվում էր սալաքարերին ու չոր ձայն հանում:

Շեկոն պոչը տարուբերում էր, խփում քամակին` մեկ աջ, մեկ ձախ ու չոր ձայն էր հանում:

Գաղջ օդը նորից լցվեց Դավոյի թոքերը:

Նա հազաց կտրուկ, ու կոկորդից չոր ձայն դուրս եկավ:

Թխսկան հավը կչկչում էր:

– Զահրումա՛ր, էդքան որ ես ճղճղայի, հիմի մի տղա էի բերել:

Թխսկան հավը կչկչում էր:

Դավոն շոյեց Շեկոյի ճակատը: Մի քիստ խրձից պոկվել, խրվել էր բա-րակ գուլպայի մեջ ու ծակծկում էր թաթը: Նա թուքը կուլ տվեց, ադամախն-ձորն առաջ եկավ ու ընկավ ցած: Շեկոյի բերանը փրփրել էր, ու երիզից շողիք էր կաթում: Դավոն դուրս եկավ գոմից: Դուռը ճռճռոցով փակվեց: Ծխնիները թույլ ճռռացին: Քիստն էլի ծակեց Դավոյի ոտքը: Նա կռացավ, որ հանի: Ցախի մի շեղջ մտել էր ոլոքների մեջ ու փայտոջիլի նման փո-րում էր. ուր որ է կծակի: Բացօթյա մակաղած գառների որոճը չթողեց, որ Դավոն լսի ոսկորների ճարճատյունը: Նա թուքը կլլեց, ելավ քողտիկից, մի քանի քայլ արեց, շուռ եկավ, լուցկին հանեց գրպանից ու վառեց կռճո-նի չորացած կիտուկը: Շուտով կրակը բոցկլտաց, խաղաց այտերի վրա ու վառվեց նրա աչքերի մեջ: Աղացած ծոթրինի հոտ առավ: Ոսկորներում ցավը դնդնում էր: Թութունի քսակը հանեց ու սկսեց ջղարա փաթաթել: «Մենակ մարդու օրը երկար է»:

Դավոն քայլեց դեպի տան դուռը: Բոստանում կուչ եկած ճպռոտ աչքե-րով շունը լուռ լսում էր մեղուների բզզոցը:

– Դու էլ ես սոված, չէ՞, Չալո,– Չալոն գլուխը թափ տվեց, և լեզուն կախ ընկավ:

Գետնախնձորի թփերի տակ մլավում էին էգ կատուներն ու ձագերին գլորում փորի վրա:

Դավոն կթղան ջրով լիքը դրեց կողքը, դեղնած վարտիքի փողքերի կապն արձակեց ու լռելյայն ոտքերը քաշեց վերմակի տակ:

– Է, օ՛, օ՛, օ՛,– հորանջեց նա:

Գիշերն անլուսին էր ու քանի գնում սևանում էր` սև, ինչպես մոխիրը, ինչպես Շողիկի աչքերը և Ղուկասի սև թուղթը: Դավոն չէր լսում հեռվից եկող գորտերի կռկռոցը, որձ կատուների սիրվրտոցն ու խոտերի մեջ սրթսրթացող մորեխների ճռինչը: Դավոն նայում էր ուղիղ կատաղած ցու-լի աչքերին: Ցուլը ոռնաց ու հարձակվեց նրա վրա: Դավոն հաստ մահա-կը երկու ձեռքով ամուր բռնեց ու ամբողջ ուժով խփեց ցուլի ճակատին: Ցուլը գլուխը վեր հանեց ու մռնչաց:

– Դավո՛,  փախի՜ր,– գոռաց ֆերմայի վարիչը:

Դավոն կես շրջան արեց ու անցավ ցուլի ետևը: Նրա աչքերը խաղում էին ակնախորշերում:

«Ցո՜ւլ, դու ուժե՜ղ ես, բայց խելոք չես, քո վերջը ե՜զն է, ցո՛ւլ, դու պիտի աշխատես»:

Ցուլը կարծես հասկացավ մարդուն և մտածելու ժամանակ չտվեց: Դավոն հանկարծակիի եկավ ու մեջքանց վազեց: Հետո նա զգաց, որ հե-ռավորությունը կրճատվեց, որովհետև ցուլը գլուխը կախեց, և սուր կոտոշ-ները Դավոյի աչքերում խաղացին:

«Կջարդե՜մ: Երկո՜ւսն էլ, որովհետև չեմ կարող չջարդել,– մտածեց նա:– Սա կա՜մ վերջն է, կա՜մ սկիզբը, բայց, ցո՜ւլ, դու պիտի՜ աշխատես»:

– Դավո՛, քո տո՜ւնը չքանդվի, էս ի՞նչ ես անում,– նորից գոռաց ֆերմա-յի վարիչը:

Դավոն զգաց, թե ինչպես հաստ մահակը դարձավ իր ձեռքերի շարու-նակությունը: Նա թեքվեց կողքի, մահակը պարզեց վեր, ինչքան կարող էր, ու մի ծանր հարված իջավ ցուլի կոտոշին: Ցուլը ոռնաց ու գլուխը թոթ-վեց: Դավոն տեսավ, թե ինչպես կոտոշը կախվեց ցուլի ճակատին, և ա-րյան հոտ առավ: Նա օղապարանը հանեց ուսից, օղակը գցեց գետին ու ետ-ետ գնաց: Ցուլը առջևի ոտքերով մտավ օղակի մեջ: Դավոյի աչքերը հաղթականորեն փայլեցին: Նա ուժեղ ձգեց պարանը և մեջքով պառկեց գետնին: Ցուլը փնչաց ու կոտոշով փորեց հողը: Նրա աչքերը արյունոտ էին: Դավոն կոշիկի ճիտքից հանեց երկաթալարը, խրեց ցուլի քթանցքն ու ռունգին օղ արեց:

– Քոլո՜, ե՜զ,– գոռաց Դավոն,– գնա եզի պես խո՜տ կրի: Մարդու ձեռքից աստված չպրծավ:

– Դավո, դու եզի ուժ ունես,– ֆերմայի վարիչի լեզուն բացվեց:

– Սփրթնել ես, քեռի՜ Ղազար,– պառկած տեղից խոսեց Դավոն:

– Ախր ես ամեն ինչ տեսնում էի, վայրենի՜:

Քոլոն ֆսսում էր ու ետևի սմբակներով փորում հողը: Դավոն ծնկները բլրեց ու խոր շունչ քաշեց:

…Ադամամութին արթնացավ քեռի Դավոն: Ոլոքներում դեռ ցավը դնդ-նում էր: Լծի նման ծանր բան կար նրա ուսերին:

Քողտիկի կղմինդրից եղանը իջեցրեց: Կիսաբաց միջնորմին հենած հինավուրց սայլի ցռուկը Դավոյի աչքին կարճահասակ ու պեպենոտ մարդ թվաց: Ոչխարների կեսը դեռ մակաղած էր: Լույսի մի քանի շող ցոլաց մութ ամպերի միջով, և Դավոն աչքերը ճպեց:

Լուսավոր օր էր,– խոսեց նա:

Քեռի՜ Դավո, բարի լույս:

Հա՛,– շուռ եկավ,– եկա՞ր, Վազգեն, Աստծու բարին: Չվանն էլ բերե՞լ ես: Կրակ տեղ է, ոչ ավտո կմտնի, ոչ սայլ:

Նրանք անընդհատ գնում էին ոտնաչափ արահետով ու ետ գալիս…

Մի պահ մութուլույս եղավ: Հետո սպիտակ լույսի մի խուրձ բռնկվեց երկնքում, և դեղին ճտի նման նորելուկ արևը մտավ ամեն ծակուծուկ: Ետևից ընթացող Վազգենը տեսավ, թե ինչպես Դավոյի գլուխը խրվեց արևի մեջ և ինչպես արևի շողերը լուսավորեցին նրա աչքերի կանաչ հե-ռուն…

Պարանի ծայրը խոր կախվել էր Դավոյի մեջքն ի վար և ոտքերի ա-րանքում տարուբերվում էր:

Դավոն զգաց, որ անութներում մրջյունի նման վազում է քրտինքը: Նա կույրի զգուշությամբ ելավ աստիճանները: Արևն ավելի մոտեցավ Դավոյի գլխին: Անութներում ջերմությունը մեծանում էր: Նա քորեց գլուխն ու թևատակը և սկսեց մանգաղի կեռը խրել մեկ այս խրձի մեջ, կամ այն, մեկ այս, մեկ այն, մեկ այս…

Քեռի Դավոն սև, հաստ խավաթղթի կտորը դրեց դեզի գլխին, մի մեծ քար էլ` վրան: Լինում է այնպես, որ աշնան անձրևներից ամբողջ դեզը մամռում-փտում է, և անասունը բերանն էլ չի մոտեցնում: Ստիպված պիտի եղած-չեղած փողն էլ տաս, եկող տարվա համար էլ բուրդ, միս, մեղր ու պանիր խոստանաս, որ մի ձմռան կեր ճարես: Դավոն ստուգեց խավաթղթի ամրությունը: Միջօրեի շոգից տաքացել էին դեզի կողերը, և նրա ճակատից քրտինք էր թորվում:

«Զուլում շոգ է, ձմեռը ցուրտ է լինելու»,– մտածեց Դավոն ու թևքով սրբեց ճակատը:

Աստիճանը իջնելիս ոտքը գայթեց: Այս ամենը նրան անսովոր թվաց: Նա ամուր բռնեց վերևի հենակից:

– Ի՞նչ քոռացար, ա՜յ ոտք:

– . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

– Իա՛:

Դավոն էլի գայթեց:

Նա զգույշ ոտքը գրեց հողին, հետո մյուսը:

– Բա մի անձրև չգա՞ր:

Կապույտ ու ճերմակ ամպերը դանդաղ լողալով պատկերափոխվում էին: Սպիտակ ցուլի գլուխը պոկվեց մարմնից ու խոնարհ եզ դարձավ, իսկ ոտքերը` փոշի: Մի շուն` Չալոյի նման, ճլորել էր Դավոյի դիմաց: Մի մերկ աղջիկ գլորվում էր ձների վրայով: Նա ձնագունդ դարձավ: Աշխարհագ-րության ուսուցչուհու պրոֆիլը Նեղոս գետի նման երկարեց, իսկ արծա-թափայլ ձուկը, որ նրա աչքն էր, հանդարտ լողալով փշրվեց: Թխսկան հավը պայթեց, և կաթնագույն ճտերը ծղրտացին: Շեկոյի չալ ճակատը փն-տրում էր տիրոջը:

«Վերջին շոգն է»,– ինքն իրեն ասաց Դավոն և համոզվելու համար վեր նայեց, բակի դուռը փակեց ու դուրս ելավ փողոց:

– Էս տունը Սամոյինն է,– ինքն իրեն ասաց նա ու քայլեց:– Էս էլ Սոսեինը:– Քայլեց:– Էս էլ Արմոյինը:– Դանդաղ քայլեց:– Էս էլ Սաքոյինը, էս կողքինն էլ Ավոյինն է: Էս էլ Միրոյի տունն է:

Չգիտես որտեղից մի զով քամի փչեց Դավոյի դեմքին, ու նա սկսեց արագ քայլել: Երկնակամարը կապույտ ճոճք կապեց լեռներին: Բարձունքներում ճախրող թռչունները երկարացման նշաններ էին գրում ամպերի վրա: Դավոյի մեղուները բզզում էին ուսանողների օրագրերում: Դավոն աշնան հոտ առավ: Աշունը կրնկի վրա էր: Մի տաք աշուն կա գյուղում, գոլ-գոլ բացվող առավոտներ, որ մի քիչ ամռան կրակ ունեն իրենց մեջ ու մի քիչ էլ աշնան նորելուկ ցուրտ: Քամին հանկարծ գվվոցով բռնկվում է ինչ-որ տեղից, մեղուների թրթռացող թևիկների վրայով մտնում դեզերի կողերի մեջ, սուլում տների կղմինդրներում, Դավոյի ականջներում, խաղում Մարիամի թոնրատան շուրջը, ֆերմայի կանանց փեշերի, կոլխոզի հաշվետարի թվերի, Վազգենի մազերի ու Շողիկի աչքերի հետ: Նորելուկ քամին սարից քշում է ֆերմայի կանանց ու տղամարդկանց և ամբարում կոլտնտեսության նախագահի աշխատասեղանի առջև: Կարմիր-կապույտ մի գնդակ թռչում է փոքրիկ Դավթի ձեռնափերից ու ելնում դեպի բարձունքները: Դավիթը քամին փաթաթում էր թևերին, սավառնակ էր դառնում, փոշի հանելով սուրում կապույտ ու ճերմակ ամպերի միջով, իսկ երբ թևերն էր թափահարում, աշխարհում փոթորիկ էր սկսվում…

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s