Գրականություն · Ընդհանուր

Համո Սահյան — Ինձ բացակա չդնեք

ԻՄ ՔԱՐԱՓՆԵՐՆ ՈՒ ԵՍ

Ձեր լռությունը  զնգում
Զրնգում է ձորով մեկ,
Ձեր լռության համերգում
Ինձ բացակա չդնեք…
Համբերություն եմ ասում,
Ակնարկներս կրկնեք,
Համբերության հանդեսում
Ինձ բացակա չդնեք…
Ձեր շուրջը ամպ է, կայծակ,
Քնով չանցնեք, չքնեք,
Քնեցիք էլ, արթնացաք,
Ինձ բացակա չդնեք…
Թվում է թե կամենաք
Մի օր երկինք կթռնեք,
Ձեր թռիչքի ժամանակ
Ինձ բացակա չդնեք…

Ձեր պնդության պաշարով
Դուք աշխարհներ կսնեք,
Իմ մեղմության պատճառով
Ինձ բացակա չդնեք…
Ես եմ քարե պատարագ
Ձեզնից սերված ընդունեք,
Դուք ձեր կամքին հակառակ
Ինձ բացակա չդնեք…
Ոչ խոստումներ, ոչ երդում
Չսպասեք ու չքննեք,
Անվերջ, անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնեք…

 

Մերոնք նստել են իրիկնահացի:

Տատս շերեփով բոլորին հերթով

Վարձն է հատուցում օրվա արածի:

Նստել են նրանք  լուռ, առանց բառի

Եվ  փչում են, որ ապուրը  սառի:

Նստել են … մենակ ես եմ բացակա:

Եվ  տատն ասում է.

-Ուշացավ: Ոչինչ: Ուր որ է կգա:

Եվ պապն ասում է.

-Օրհնվի ճամփան, օրհնանքս վկա,

Լավ կանի՝ չգա ,

Մեր գերդաստանի պատվիրակն է նա

Լույս աշխարհի մեջ,

Ուր սիրտը կուզի, թող այնտեղ գնա,

Նա էլ որ եկավ, նորից կմեռնենք,

Լույս աշխարհում մեզ հիշող չի մնա:

 

Սպասողներ կան ինչ-որ տեղ դեռ ինձ,

Ինչ-որ տեղ արդեն հեռավոր հուշ եմ:

Մեկի համար դեռ ամռան թեժություն ,

Իսկ մեկի համար աշնան մշուշ եմ…

Բայց թե, ի՞նչ արած,  ինչքան չլինի,

Ինձ ամենից լավ ես  եմ ճանաչում

Եվ ասում եմ, որ բոլորն իմանան.

-Իրիկնաժամի մղեղների մեջ

Ծարավ կալվորի դատարկված կուժ եմ:

 

Ամպերը գալիս  ձորերն են մտնում,

Ու ձորերի հետ ես էլ եմ մթնում:

Այնպես եմ մթնում , որ էլ  հույս չկա,

Թե  ինչ-որ  տեղից ինչ-որ լույս կգա:

Ինչ-որ լույս, որ ես նորից  ճառագեմ

Եվ ինչ-որ մեկին իմ լույսն առաքեմ:

Ամպերը  գալիս ձորերն են մտնում

Ու ձորերի  հետ ես էլ եմ մթնում:

 

Գլուխս առնեմ ու կորչեմ այս քաղաքից՝

Ապստամբյալ անզորների քանակից,

Անզենների անզորավար բանակից,

Բաբելոնյան խառնակության շառաչից,

Խաբեության, խանդ ու խայթի շաղախից,

Այս տիրական ոխ ու վախի վարակից…

Դավ ու դատից գլուխս առնեմ ու գնամ,

Ծիածանի լացով հոգիս լվանամ,

Բևեռներս իրար բերեմ, լրանամ,

Դառնամ ազատ արծիվներին թառակից…

Գլուխս առնեմ ու կորչեմ այս քաղաքից:

 

Չծերանայինք, չծերանայինք,

Մեր ծերպ ու կերպից չհեռանայինք,

Չսպիտակեինք  ժամանակից շուտ

Եվ մեր խորքի մեջ չսևանայինք:

Վաստակած քուրմեր  չձևանայինք,

Մեկ մեկու հիշել չթերանայինք,

Չտես տերերի ողորմածությամբ

Մեր տերության պես չանտերանայինք:

Այս մենությանը չընկերանայինք,

Այս գերությանը չընտելանայինք,

Վերանում էինք…Գոնե մեր մաքուր

Երեսի ջրով թող վերանայինք:

 

ԱՂՈԹԵՄ

Ինձ համար ամենինչ կորած է,

Էլ ոչ ոք և ոչինչ ես չունեմ:

Ծամում եմ իմ բաժին չոր հացը

Եվ քունս չի տանում, որ քնեմ:

 

-Հիվանդ է ձեր  խոնարհ երգիչը,

Երևի հոգեվարք է ապրում:

Ասում են. –Այդքանը դեռ քիչ է,

Արժանի պատիժը չի կրում:

 

Փոխվել են դերերն ու տեղերը,

Բայց նույնն է երախը  վիշապի…

Սրա՞նք են  այս երկրի տերերը,

Աղոթեմ,  որ  մահս շտապի…

 

Այս տարի Գյազբելս  չտեսա

Եվ չառա հոտը Գյազբելիս,

Գյազբելիս ամպերը չտեսա

Եվ չառա կարոտը Գյազբելիս:

Կենսագի’ր,  թե միտքս  կռահես,

Այս տարին իմ կյանքից կհանես:

 

Ոչ տխրիր, ոչ էլ լացիր…

Ճակատիդ այդպես էր գրված,

Ոչ Բորիս Պաստեռնակ եղար

Եվ ոչ էլ Սերգեյ Եսենին:

Շշուկդ հեռուն չգնաց,

Շատերին անհայտ մնացիր,

Ինչպես որ քարի մեջ խրված

Քո երկրի խոնարհ մասրենին:

 

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից

Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,

Դեղին պատարագ  է այնտեղ նորից,

Հոգեվարքի դեղին մի առասպել:

Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ

Աղոթելով ամեն քար ու ճմբին…

Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան

Նավասարդյան օրվա հողաթմբին…

Թափուր մի բույն բերեք…  չված հավքի

Խառն անընթեռնելի կտցագրով…

Որ ես ողբամ նորիրց բախտն իմ Հայքի

Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից

Ամպի կծիկ բերեք, անձրևի թել,

Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,

Հոգեվարքի դեղին մի առասպել:

 

Ինձ մի ջուր բերեք Տատնա  գետակից,

Տատնա գետակի զմրուխտյա ակից:

Ինձ մի ջուր բերեք, խմեմ ու ասեմ,

Դաստակս խղճիս դնեմ ու ասեմ.

-Ցուրտ այս ջուրը, որ բխում է քարից,

Քաղցր է հեքիաթի անմահականից:

Ամեն  մի կումը ու բուռը նրա

Աշխարհ կպահի աշխարհի վրա:

Երբ ծարավ լինեք, խմեցեք մի բուռ,

Խմեցեք, դարձեք մի-մի Սասնա ծուռ…

Եվ ավանդեցեք դուք որդոց որդի

Մաքրության խորհուրդ, պարզության ոգի:

Մի ջուր բերեք ինձ Տատնա գետակից

Տատնա գետակի զմրուխտյա ակից:

 

Նորից եկել հին ցավերն են մեզ խոցում

(Խուլ տնքոց եմ լսում հեռու Դեր-Զորից):

Եվ մեզ վրա մահն իր ուժերն է փորձում,

Եվ դողում են մահվան ձեռքերը նորից:

Մենք դեռ հազար հգեվարք ենք ապրելու

(Քեռու կանչն է լսել Դավիթը հորում):

Թե մեռնել կա, հայերեն ենք մեռնելու,

Ինչպես մաքուր ցորենի հունդը հողում:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s